Ֆրանսիայի նախագահական ընտրարշավի ֆավորիտներ՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ուլտրաաջերի «Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենը բանավիճում էին ծովափերին բուրկինաների՝ ամբողջությամբ փակ լողազգեստների, որ կրում են պահպանողական մուսուլման կանայք, արգելքի օգուտի մասին:
Հինգ թեկնածուների մասնակցությամբ առաջին հեռուստաբանավեճի ժամանակ Մարին լը Պենը հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է դեն գցի բազմամշակութայնության գաղափարները, ի պատասխան Մակրոնը նկատեց, որ նա ուզում է թշնամիներ դարձնել Ֆրանսիայում ապրող բոլոր մուսուլմաններին: «Դեռ մի քանի տարի առաջ մեր լողափերին ոչ մի բուրկինա չկար, և ես գիտեմ, որ Դուք, պարոն Մակրոն, կողմ եք դրան»՝ պատասխանեց Մարին լը Պենը: «Սա որոգայթ է՝ բուրկինան դարձնել սեկուլյարիզմի մասին վիթխարի վեճի առարկա»՝ պատասխանեց «Առաջ» կուսակցության նախագահը: «Եվ Դուք, տիկին Լը Պեն, ընկաք այդ որոգայթը: Այդ ճանապարհը տանում է դեպի մեր հասարակության երկփեղկում և մեր երկրում ապրող չորս միլիոն մուսուլմանների վերածում հանրապետության թշնամիների»:
Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում ապրիլի 23-ին են: Եթե, ինչպես առավել հավանական է համարվում, թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50% -ից ավելի ձայներ, առավելագույն ձայներ ստացած թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ, որ նշանակված է մայիսի 7-ին: Հարցումների տվյալներով՝ Մարին լը Պենը առաջին փուլում կարող է ստանալ ձայների մեծամասնությունը՝ 25%, բայց երկրորդ փուլում նա տանուլ կտա և Էմանուել Մակրոնին, և հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնին:
Առաջին հեռուստաբանավեճի հաղթող կարելի է անվանել և Մակրոնին, և եթերում սառնասրտությունն ու ինքնատիրապետումը պահպանած, ծայրահեղ ձախերի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնին, որ անսպառ սրամտում էր: Մարին լը Պենը չափազանց կտրուկ էր ու համառ, իսկ Ֆրանսուա Ֆիյոնը ժամանակ առ ժամանակ շեղվում էր թեմայից: Սոցիալիստ Բենուա Ամոնը հարթ էր խոսում՝ կրկնելով իշխող կուսակցության հիմնական թեզերը և անպայման եկամուտի իր առաջադրած գաղափարը անվանում էր միակ նորությունն ամբողջ ընտրարշավում: Ֆիյոնը «ազգային վերածնունդ» խոստացավ իր ընտրության դեպքում, բայց չմանրամասնեց՝ ինչ է դա նշանակում: Մարին լը Պենը կանխատեսելիորեն խոստացավ կասեցնել միգրանտների ընդունումը, դադարեցնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դուդուկի տակ պարելը, որ նրա խոսքով, վերջին տարիների ֆրանսիական քաղաքականությունն է: Մակրոնը մտադիր է վերջ դնել ավանդական «անհաշտ հակասություններին» քաղաքական ճամբարների միջև:
BBC
Հ.Գ. Նրանց խնդիրները մերը լինեին՝ կասեք առաջին հայացքից: Իրականում նախագահական ընտրարշավը Ֆրանսիայում համաեվրոպական ընտրությունների շրջագծում է և պետք է պատասխանի հարցին՝ ի՞նչ ճանապարհ է ընտրելու Ֆրանսիան՝ ընդդեմ, թե հանուն ԵՄ-ի: Ազգային արժեքներին վերադարձի՞, թե՞ բազմամշակութայնության, որ այսօր վերածվել է ահաբեկչությունների վտանգի: Չորս միլիոն մուսուլմանների շահերի պաշտպանությունը թանկ կարող է նստել ցանկացած թեկնածուի վրա՝ հաշվի առնելով նաև Էրդողանի հայտարարություններն ու պահվածքը: Նա նորից հայտարարել է, որ իր իրավասությունների ընդլայնման օգտին հանրաքվեում քվեարկությունը լավագույն պատասխանը կդառնա «ֆաշիստական ու բիրտ Եվրոպային»: «Այդ Եվրոպան, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ ռասիստական, ֆաշիստական, բիրտ Եվրոպան է: Հակաիսլամիստական ու հակաթուրքական Եվրոպան»՝ հայտարարել է Էրդողանը Անկարայում հանրահավաքում: Առայժմ նրան հակադարձում են միայն գերմանացիները: Կանցլեր Անգելա Մերկելը հերթական կոչն է ուղղել Թուրքիային դադարեցնել նացիստների հետ համեմատությունները և հայտարարել է, որ Բեռլինը իրեն իրավունք է վերապահում արգելել թուրք պաշտոնյաների ացը, եթե դա չհամապատասխանի Գերմանիայի օրենքներին: Մերկելի համախոհներից մեկը՝ Քրիստոնեադեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆյեն կոչ է արել ընդհանրապես արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը Գերմանիա. «Հերիք է: Մենք ուրախ չենք մեր երկրում տեսնել Էրդողանին ու նրա կառավարության անդամներին, դա պետք է հասկացած լինեին»: Գերմանական ԶԼՄ-ները հաղորդել են՝ Էրդողանը ծրագրում է Գերմանիա մեկնել այս ամիս, որ 1,4 միլիոն թուրքերին կոչ անի կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Բուֆյեն հայտարարել է, որ այդ այցը անվտանգության տեսակետից խնդրահարույց է: «Նա, ով մեզ վիրավորում է, հույս չպիտի ունենա, որ մենք հազարավոր ոստիկանների կուղարկենք իր պաշտպանության համար»՝ ասել է նա: ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարները նվազ ռեալիստակամ են դառնում առավել ու առավել, եթե թուրքական իշխանությունները չփոխեն քաղաքականությունը և չվերադառնան եվրոպական արժեքներին: «Սպառնալիքները քաղաքականություն վարելու միջոց չեն: Նրանք անհնար են դարձնում բանական երկխոսությունը»՝ հայտարարել է Յոհանես Հանը:
Տարօրինակ է գուցե, բայց Էրդողանը դեռ չի «գրոհել» Ֆրանսիան, որտեղ ևս թուրքեր կան:
Մարտինա Ֆիետցը Focus-ում հարցազրույց է վերցրել 1992- 1998-ին Գերմանիայի ԱԳ նախարար Կլաուս Կինկելից: Նախկին նախարարի կարծիքով՝ դեռ ոչ մի քաղաքական գործիչ իրեն այնպես չի պահել, ինչպես իրեն թույլ է տալիս Թուրքիայի նախագահը: «Շատ մեծ է պատասխան հարված տալու գայթակղությունը»՝ չմնալով դիվանագիտական զուսպ դիրքերում: «Սակայն բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ավելի շուտ, թերևս ճիշտ է գործել անպես, ինչպես գործում են կանցլերը և ԱԳ նախարարը: Երկուսն էլ հստակ հասկացրել են, որ անընդունելի են համարում նացիզմի հետ համեմատությունը և մյուս մեղադրանքները: Միանգամայն հասկանալի է, որ նրանք ցանկանում են խուսափել իրավիճակից, երբ Գերմանիայի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար կարևոր հարաբերությունները Թուրքիայի հետ հնարավոր չլինի վերադարձնել կառուցողական հուն ապրիլի հանրաքվեից հետո: Մենք պետք է համբերատար ու մեծահոգի լինենք, ուզում ենք, թե ոչ»՝ կարծում է Կլաուս Կինկելը: Նա կարևորում է Անկարայի հետ միգրացիոն համաձայնագիրը, որ որոշակի ազդեցություն ունի կանցլերի ու ԱԳՆ-ի տեսակետների վրա. «Պետք է հասկանալ՝ այո, մենք, ցավոք, ինչ-որ առումով կախման մեջ ենք»:
«Այսօր Գերմանիան արտաքին քաղաքականության մեջ երեք դժվար գործընկերների հետ գործ ունի՝ Պուտինը, Թրամփը, Էրդողանը: Չի կարելի ամեն ինչ անընդմեջ կուլ տալ՝ հարց է, թե որքան երկար է հնարավոր պահել դիվանագիտական գիծը: Եթե Էրդողանը շարունակի առճակատումը մինչև ապրիլի 16-ի հանրաքվեն, գուցե պետք է մտածել արձագանքը փոխելու մասին: Այդ դեպքում տեղին կլինի միանշանակ «ոչ» ասելը»՝ կարծում է Կլաուս Կինկելը:
«Փաստը, որ Էրդողանը իր երկիրը վերածում է դեմոկրատիայից ավտոկրատիայի, գործնականում բռնապետության, չի նպաստում ԵՄ-ին անդամակցելուն: Ես կասկածում եմ, որ Թուրքիայի հետ բանակցությունները այս պայմաններում ընդհանրապես կարող են մինչև վերջ հասցվել»՝ ասում է նախկին ԱԳ նախարարը, որ միշտ կողմնակից է եղել Անկարայի հետ մերձեցմանը՝ համարելով «կամուրջ իսլամական աշխարհի հետ և ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր»: Նա համարում է, որ ԵՄ-ն պետք է Էրդողանին: Տնտեսական աճը, որի շնորհիվ նա ժողովրդականություն է վայելում երկրում, նախ և առաջ հնարավոր է դարձել ԵՄ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Եթե հարաբերությունները իսկապես զարգանան անցանկալի սցենարով, պրոբլեմ կդառնա երկու կողմերի համար, բայց Թուրքիայի համար ավելի շատ, քան Գերմանիայի կամ ԵՄ-ի: Եթե հանրաքվեից հետո Թուրքիայում մահապատիժը վերականգնվի, դա կլինի վերջը՝ եզրափակում է Կլաուս Կինկելը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ